Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եկեղեցին ոչ թե դեմ է գործելու, այլ գործելու է հանուն մեր հոգևոր ինքնության»

«Եկեղեցին ոչ թե դեմ է գործելու, այլ գործելու է հանուն մեր հոգևոր ինքնության»
23.10.2013 | 16:43

«Հայ եկեղեցու երիտասարդաց միավորում» և մի շարք երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել սիրո, հավատի և հավատարմության ուխտերթ:

ՈՒխտերթը, որին մասնակցել են հազարավոր երիտասարդներ Հայ եկեղեցու Հայաստանի, Արցախի և Վրաստանի թեմերից, հասարակական կազմակերպություններից ու երիտասարդական միություններից, մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից, որտեղից ուխտավորները քայլերթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Մեկնելով Էջմիածին` ուխտերթի բազմահազարանոց թափորը Ս. Հռիփսիմե վանքի մոտակայքից հոգևորականների առաջնորդությամբ, հոգևոր երգասացության ու թմբուկների զարկերի ներքո շարժվել է դեպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Տերունական աղոթքից հետո ուխտավորները երգել են «Օրհնեալ է Աստուած» շարականը, ապա ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի գլխավորությամբ ընթերցել ուխտերթի ուխտագիրը։
ՈՒխտերթն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով և հայրապետական մաղթերգով: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամել է ուխտերթի մասնակիցներին մնալ եկեղեցու օրհնության ներքո, բանուկ պահել դեպի եկեղեցի առաջնորդող ճանապարհները: «Հավատարիմ մնացեք ձեր ուխտի գաղափարներին, որ այսօր հռչակեցիք այստեղ` որպես սրբազան երդում, և այդ գաղափարներով ապրեք, լուսավորեք ձեր կյանքը, զորացրեք այդ արժեքներով հայոց հայրենիքը, որպեսզի հայրենիքի խաղաղ երկնքի ներքո ապահով շարունակի ապրել և արարել ազգս հայոց»,- ասվել է ուղերձում:
Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն ԲԱԳՐԱՏ Եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ ուխտերթը կազմակերպվել է Թարգմանչաց տոնի գաղափարի շուրջ: «Կարելի է ասել` սա քաղաքացիական նախաձեռնություն է, մեր երիտասարդներն իրենց հավատարմությունն են հայտնել հայ եկեղեցու հանդեպ` որպես կրողները այդ ժառանգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր ամբողջ ընտանեկան արժեհամակարգի և ընդհանրապես մեր ինքնության հանդեպ,- ասաց սրբազանը:- Հատկանշական է, որ այս նախաձեռնության համար արտաքին որևէ միջամտություն, հրահանգ դեր չի խաղացել, նրանք բոլորը խորությամբ հավատում են եկեղեցու առաքելությանը, մեր ժողովրդի կյանքում սիրո, հավատի և հավատարմության հռչակման ճշմարտությանը»:
Օրեր առաջ մայրաքաղաքում մեկնարկեց երթ ընդդեմ «Գենդերի մասին» 57 օրենքի: Սրբազանից հետաքրքրվեցի` որևէ առնչություն ունի՞ ուխտերթը հասարակական այն պայքարի հետ, որ սկսվել է վիճահարույց օրենքի դեմ:
«Մեր երիտասարդները դուրս են եկել հանուն գաղափարի, որևէ հարց չեն մասնավորեցրել: Երբ ոտքի են կանգնում ընտանիքի արեժահամակարգի, ընտանիքի պաշտպանության, հոգևոր առողջության համար, բնականաբար, այդ ամենը տարբեր տեսակի հարցադրումներ և մեկնաբանություններ կարող է ներառել»,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հավելելով, որ իրենք տարբեր առիթներով տեսակետ են հայտնել 57 օրենքի մասին, հստակ կերպով ասել, որ դա ընդունելի չէ մեր հասարակության համար: «Դա գալիս է խարխլելու, ըստ էության, թաքնված, շփոթեցնող կերպով մեր կյանքի մեջ ներդնելու մի այնպիսի մտածողություն, որ բացարձակ առնչություն չունի մեր ինքնության, արժեհամակարգի հետ և սպառնում է մեր ընտանիքի գոյության անվտանգությանը, մեր հասարակության հոգևոր անվտանգությանը,- ասաց Սրբազանը` նշելով, որ խնդիրը միայն օրենքի հաստատումը չէ, այլ դրանից բխող բազմապիսի հետևանքները:- Օրինակ, «Գենդերի մասին» օրենքը «նախասրբագործում» է համասեռամոլների ամուսնությունը` զրկելով մարդուն իր աստվածային ծագումից: Սա աշխարհաքաղաքական խնդիր է, շարժում, որը մարդուն փորձում է վերածել «տնտեսական էակի»` զուրկ հոգևոր արժեքից` իջեցնելով նրան ֆիզիկական, ծածկագրային, սոսկ որպես թիվ գոյության աստիճանի, որին հեշտ է կառավարելը: Եվ Հայաստանն այս ամենում բացառություն չի կազմում, եթե չասեմ, որ հիմնական թիրախներից մեկն է այսօր: Սրա փաստացի ապացույցն են մեր երկրում գործող 3700 գենդերային կազմակերպությունները, ինչպես նաև այս նպատակով արտաքին հսկայածավալ դրամաշնորհների հոսքն ու ներդրումը մեր երկիր»:
Հարցին` ի՞նչ է անելու եկեղեցին ընդդեմ 57 օրենքի, սրբազանը պատասխանեց, որ եկեղեցին իր ձայնը բարձրացրել է և հաստատակամորեն, առանց տեղի տալու, շարունակելու է հնչեցնել այն բոլոր հնարավոր միջոցներով: Հետևաբար, նրա խոսքով, եկեղեցին ոչ թե դեմ է գործելու, այլ գործելու է հանուն մեր հոգևոր ինքնության, ընտանիքի սրբության պահպանության: Եկեղեցու` հասարակության հետ հարաբերվելու հիմքը ուսուցանումն է և զգուշացումը, ինչպես նաև հոգևոր խնամքն ու ծառայությունը:
Հավելենք, որ սիրո, հավատի և հավատարմության ուխտերթը խոստանում է դառնալ շարունակական: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ